Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ

Ձուն սննդակարգում, ինչ է թաքնված կճեպի տակ

Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է: Բոլոր բաղադրատարրերը, որոնք պարունակվում են ձվի մեջ, առավելագույնս հավասարակշռված են և անհրաժեշտ օրգանիզմի համար:

 

Մեր սննդաբաժնում ամենահաճախն օգտագործվում է հավի և լորի ձուն: Հավի ձուն միջինը կշռում է 53 գրամ, իսկ լորինը` ընդամենը 12 գրամ:

 

Հավի ձվի սպիտակուցն առավել դյուրին  և լիովին յուրացվող սպիտակուցն է, քան այլ սննդամթերք: Այն պարունակում է բոլոր ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմում սպիտակուցի ձևավորման համար: Բացի դրանից, ձվի սպիտակուցը  պաշտպանական հատկություններ ունի, քանի որ այն պարունակում է լիզոցիմ` նյութ, որը ոչնչացնում է միկրոօրգանիզմները, այդ թվում և նեխում առաջացնող: 

 

Սպիտակուցը շատ օգտակար է ստամոքսի համար, այն բուժիչ ազդեցություն ունի ստամոքսի խոցի դեպքում: Սպիտակուցը բազմաթիվ հանքային տարրեր է պարունակում` մանգան, երկաթ, պղինձ, ցինկ, սելեն, խոլին, ինչպես նաև B6, B12 վիտամիններ, ֆոլաթթու. այս ամենն ավելացնում են ձվի սպիտակուցի արժեքը անեմիայի դեպքում: 

 

Ձվի դեղնուցը կենսաբանական ակտիվ նյութերի գանձարան է: Այն հարուստ է երկաթով, ֆոսֆորով, մանգանով, ցինկով, դրա մեջ պարունակվում են նաև A, E, B, PP վիտամինները, խոլին, ֆոլացին նյութերը: Բացի դրանից, դեղնուցը հարուստ է չհագեցած ճարպաթթուներով և խոլեստերինով: Ձվի դեղնուցը լեղամուղ ազդեցություն ունի, այդ պատճառով էլ այն օգտագործում են նաև բուժական նպատակներով: Հեշտ յուրացվող  ֆոսֆորն ու կալցիումն ապահովում են մազերի առողջությունը, ատամների և եղունգների ամրությունը: Բացի դրանից, ֆոսֆորն անհրաժեշտ է օրգանիզմի վերականգնման համար: Երկաթը ամրացնում է իմունիտետը, իսկ ցինկը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը: A վիտամինը նպաստում է տեսողությանը, լավացնում է մաշկի բջիջների վերականգնումը, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի վիճակը: E վիտամինը կանխարգելում է ծերացումը, ամրացնում է անոթները: 

 

Ձուն պարունակում է ամինաթթուներ, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն օրգանիզմի ծանր մետաղներով թունավորման դեպքում: Ձուն ամբողջությամբ հանձնարարվում է լյարդի, աղիների, լեղապարկի հիվանդությունների, շաքարային դիաբետի դեպքում: 

 

Սակայն չի կարելի երկարատև օգտագործել հում սպիտակուցը կամ հում ձուն ամբողջությամբ, քանի որ դրա բաղադրակազմի մեջ պարունակվում է մուկոպրոտեին ավիդին նյութը, որը կապում է  H վիտամինը (բիոտին): Այդ պատճառով էլ հում ձվի երկարատև օգտագործումը կարող է բիոտինային անբավարարության պատճառ դառնալ, դեմքը մոխրագույն երանգ է ստանում, մազերը թափվում են, նվազում է օրգանիզմի դիմադրողականությունը: H վիտամինի անբավարարությունը կարելի է լրացնել լյարդի, սնկի, շոկոլադի, ոլոռի օգտագործմամբ:  

 

Իր ողջ օգտակարությամբ հանդերձ, ձուն, հատկապես, հում ձուն կարող է սննդային ալերգիա առաջացնել: Այն հակացուցված է լյարդի ցիռոզով, քրոնիկական հեպատիտով, խոլեցիստիտով հիվանդ մարդկանց:

 

Բանավեճեր են ընթանում հավի ձվի վնասակարության վերաբերյալ, առաջին հերթին դրա մեջ պարունակվող խոլեստերինի պատճառով:

 

Հայտնի է, որ խոլեստերինն անհրաժեշտ է մարդու սիրտ-անոթային համակարգի նորմալ կենսագործունեության համար, բայց սահմանափակ քանակությամբ: Դրա ավելցուկը կարող է ինսուլտ կամ ինֆարկտ հրահրել: Սակայն ձվի մեջ պարունակվող լեցիտինը կարող է միաժամանակ մասնակցել ամենավնասակար խոլեստերինի ոչնչացմանը: Հենց լեցիտինն է, որ կանխարգելում է խոլեստերինի անոթների պատերին կուտակումը:

 

Ստացվում է, որ առավել անվտանգ է ձու ուտել, քան, ասենք, կարագ: Բայց, իհարկե, ոչ ամեն օր:  

 

Հավի ձվի բոլոր օգտակար հատկությունները պահպանելու համար պետք է այն օգտագործել նվազագույն ջերմային մշակման ենթարկելուց հետո, բայց միայն բացառապես թարմ լինելու դեպքում:

 

Ինչ վերաբերում է լորի ձվին, ապա դրա օգտակար հատկությունները հայտնի էին դեռ շատ դարեր առաջ: Այն հակաուռուցքային, հակամանրէային և իմունոմոդուլացնող հատկություններ ունի:

 

Լորի ձվի մեջ  2,5 անգամ ավելի շատ B2 և B1 վիտամիններ են պարունակվում, 5 անգամ ավելի շատ կալիում, 4,5 անգամ ավելի շատ երկաթ: Բացի դրանից, այս ձվերի մեջ ավելի շատ A վիտամին, պղինձ, նիկոտինաթթու և ֆոսֆոր կա:

 

Ընդհանրապես, լորի ձվի մեջ ավելի շատ օգտակար միկրոտարրեր են պարունակվում` երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, կոբալտ, ինչպես նաև B1, B2,  A, PP վիտամիններ: B1 և B2 վիտամինները դրական ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, կանխարգելում են մաշկային հիվանդությունները, կարգավորում են ածխաջրատների, ճարպերի, սպիտակուցների փոխանակությունը: PP վիտամինը լավացնում է արյան միկրոշրջանառությունը: Մագնիումը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը, կարգավորում է կալցիումի փոխանակությունը: Կալիումը կարգավորում է արյան հանքա-թթվային հավասարակշռությունը, ակտիվացնում է սրտի աշխատանքը: Կոբալտը խթանում է արյունաստեղծման գործընթացը, իսկ պղինձը լավացնում է ներզատական գեղձերի գործառույթները: 

 

Պարունակվող անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ նույնպես` լիզին, թրեոնին, տրիպտոֆան, մետեոնին, հիստիդին, գլիցին, լորի ձուն գերազանցում է հավի ձվին: Լիզին ամինաթթուն կարևոր է օրգանիզմում սպիտակուցների ձևավորման համար: Այն անհրաժեշտ է նաև հյուսվածքների աճի, վերականգնման, հորմոնների, հակամարմինների և ֆերմենտների արտադրության համար: Հիստիդինի անբավարարությունը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ: Գլիցինը պայքարում է զգացմունքային անկայունության, գերգրգռվածության դեմ, ակտիվացնում է մտավոր ակտիվությունը:  Թրեոնին անփոխարինելի ամինաթթուն օգնում է լյարդի աշխատանքին, այն կարևոր է նաև կոլագենի և էլաստինի սինթեզի համար, մասնակցում է նաև ճարպափոխանակությանը:   

 

Մետեոնինը ապահովում է ապաթունավորման գործընթացները, պաշտպանում է ռադիացիայի ազդեցությունից, նվազեցնում է մկանային թուլությունը, պաշտպանումէ ռադիացիայի ազդեցությունից, օգտակար է օստեոպորոզի դեպքում: Տրիպտոֆան ամինաթթուն նպաստում է գլխուղեղում սերոտոնինի սինթեզին, ապահովում է կայուն տրամադրություն, օգնում է դեպրեսիայի և անքնության դեպքում: 

 

Ի տարբերություն հավի ձվի, լորի ձուն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, այդ պատճառով էլ այն թույլատրելի է կրծքահասակ երեխաներին: 

 

Ինչպես տեսնում ենք, լորի ձուն առողջության համար հիանալի մթերք է:

 

Այն կարգավորում է ստամոքս-աղիքային ուղու, սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, ամրացնում է իմունիտետը, օրգանիզմից դուրս է բերում ռադիոնուկլիդները, հղի կանանց մոտ մեղմացնում է տոքսիկոզը, բարձրացնում է տղամարդկանց մոտ պոտենցիան: Լորի ձուն օգնում է շաքարային դիաբետի, հիպերտոնիկ հիվանդության, սակավարյունության, բրոնխային ասթմայի, նյարդային համակարգի հիվանդությունների, ուժեղ գլխացավերի, անեմիայի, աչքի հիվանդությունների դեպքում:

 

Լոր ձուն նպաստում է նաև տոնուսի բարձրացմանը, լյարդի, սրտի, երիկամների, շագանակագեղձի, ստամոքսի աշխատանքի կայունացմանը, ոսկրերի ամրացմանը: Լորի ձվի արժանիքների թվին է պատկանում այն հանգամանքը, որ դրա մեջ չկա խոլեստերին: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. pracooking.livejournal.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ